Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 20-ը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելու փաստերով 10269 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Նույն ժամանակահատվածում ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու փաստերով արձանագրություն է կազմվել 26 անձի նկատմամբ։
Հայտնաբերվել են նաև ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակման կանոնները խախտելու 82 դեպք։ Բացի այդ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ծառայություն են իրականացնում նաև բանկերի, սուպերմարկետների և այլ հաստատությունների հարակից տարածքներում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։ Հերթի մեջ գտնվող քաղաքացիներին ոստիկանները հորդորում են միմյանց միջև պահպանել տարածություն։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված պահանջները։ Բոլոր օրինախախտները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։