ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Լի Սոնգ Գվոնը կիրակի հայտարարել է, որ նախագահ Կիմ Չեն Ընը նամակ չի ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր ամերիկյան առաջնորդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գուցե ԱՄՆ նախագահը հիշել է նախորդ հաղորդագրությունները, բայց մեր առաջնորդը ոչ մի նամակ չի ուղարկել նախագահ Թրամփին»,- ասել է ԿԺԴՀ արտգործնախարարը:
Շաբաթ օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել էր, թե «լավ նամակ» ստացել է Կիմ Չեն Ընից՝ հիշեցնելով, որ ինքը «լավ հարաբերություններ» ունի ԿԺԴՀ առաջնորդի հետ:
2018-ի հունիսին Սինգապուրում Փհենյանը պարտավորվեց ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին՝ Վաշինգտոնից ակնկալելով անվտանգության երաշխիքներ:
ԱՄՆ և ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը տեղի ունեցավ Հանոյում 2019-ի փետրվարի 27-28-ը: Սակայն Թրամփը և Կիմ Չեն Ընը չկարողացան համաձայնության գալ և չստորագրեցին համատեղ փաստաթուղթ:
2019 թվականի հունիսի 30-ին ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության սահմանին գտնվող ապառազմականացված գոտում անցկացվեց Թրամփի և Կիմ Չեն Ընի երրորդ հանդիպումը:
Անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հանդիպեցին Շվեդիայում, սակայն աշխատանքային մակարդակով խորհրդակցություններն ավարտվեցին անարդյունք: