Թբիլիսիում այրվել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահական գրադարանը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան, այրվել է ավելի քան 15 քառակուսի մետր գրասենյակային տարածք: Տեղում աշխատել է 4 հրշեջ-փրկարար բրիգադ: Ներքին գործերի նախարարությունը փաստով հետաքննություն է սկսել, ներկայացվել է ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու հոդված: Առայժմ ձերբակալվածներ չկան:
Ուկրաինայում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով միջադեպին, դրանում մեղադրել է իշխանություններին։
Միաժամանակ Վրաստանի երրորդ նախագահ Սաակաշվիլին կառավարությանը խնդրել է իրեն շնորհել իշխանության ժամանակավոր և պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ, որպեսզի կարողանա օգնել Վրաստանին օտարերկրյա աջակցություն ստանալու հարցում: Նա հիշեցրել է, որ ճանաչում է այսօրվա եվրոպական բոլոր առաջնորդներին և շատերին միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Իսկ ԱՄՆ նախագահը տարիների ընթացքում գովաբանել է իրեն և հիշատակել որպես ընկեր: