Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը F1 ռադիոկայանում ունեցած ելույթի ժամանակ կարծիք է հայտնել, որ պետությունների սահմանները պետք է փակ մնան ևս մեկ տարի, փոխանցում է РИА Новости-ն:
Չեխիայի ղեկավարի խոսքով՝ դա անհրաժեշտ է համաճարակի նոր ալիքից խուսափելու համար, ինչն էլ կնպաստի զարգացնել ներգնա տուրիզմը: «Կարծում եմ, որ մեր համաքաղաքացիները կարող են օգտագործել այս իրավիճակը, որպեսզի վայելեն իրենց երկրի գեղեցկությունը»,- ասել է Զեմանը:
Ավելի վաղ, նման կարծիք էր հայտնել հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ռոման Պրիմուլան: Նրա խոսքով՝ Եվրամիությունում պետական սահմանները կարող են փակ մնալ երկու տարի: Եվրահանձնաժողովը, սակայն, ԵՄ երկրներին խորհուրդ է տվել Շենգենյան գոտի քաղաքացիների մուտքի և ելքի սահմանափակումները երկարաձգել մինչև մայիսի 15-ը: