Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց, թե որ խմբերն են հիասթափվել Թավշյա հեղափոխությունից հետո։ Առաջին խումբը, ըստ նրա, նախկին իշխանությունն է։
«Աներ-փեսա օպերացիան, որն առաջիկա 10 տարվա համար շատերին պետք է աշխատանք, եկամուտներ և հեռանկար ապահովեր, փլուզվել է, և մարդկանց առաջիկա տասը տարվա անելիքը հետը փլուզվել է»,- նշեց վարչապետը։
Մյուս խումբը, որին հետհեղափոխական 2 տարիները, վարչապետի համոզմամբ, հիասթափեցրել են, մերձքաղաքական կրիմինալն է։
«Դրանք այն մարդիկ են, որոնք ամենատարբեր առիթներով քաղաքական պտուտակները ձգել, ծառայություններ են մատուցել և դրա դիմաց ստացել որոշակի արտոնություններ։ Հիմա երկու տարի իշխանությունները ոչ միայն նրանց ծառայությունների կարիքը չունեն, այլև այսօր պայքարում են կրիմինալ երևույթների դեմ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ մի մասը լքել է Հայաստանը, մի մասը թաքնվել է։
Հիասթափվածների մյուս խումբն ըստ վարչապետի՝ կոռուպցիոներներն են, ովքեր մտածում էին, որ 1-2 ամսից ամեն բան նախկինի պես կլինի, բայց արդեն երկու տարի անցել է, և փոփոխություններ չեն էլ նշմարվում։
«Սա չի նշանակում, որ կաշառք վերցնողներ չկան, բայց խնդիրն այն է, որ կաշառք վերցնողներին բռնում են։ Հիմա մարդիկ կաշառք են վերցնում իրենց պատասխանատվությամբ, որովետև կոռուպցիոն «գյոզալ» համակարգն այլևս գոյություն չունի։ Իրենց բարեկեցությունը տուժել է, և իրենք հիասթափվելու կոնկրետ պատճառներ ունեն»,- նշեց վարչապետը։
Մյուս խոշոր խումբը քաղաքական ուժերն են, որոնց վարչապետը երկու մասի է բաժանել։ Առաջին մասում այն քաղաքական ուժերն են, որոնք նախկին իշխանության հետ 10 տարվա համատեղ անելիքներ էին գծել։ Դա իշխող ուժին սպասարկող քաղաքական ուժերն էին՝ ըստ վարչապետի։
«Բայց կա ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ ինձ համար հարգելի մի հատված, որը նույնպես հիասթափվելու շատ լուրջ պատճառ ունի։ Այդ քաղաքական ուժերը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել են մի ասելիք, բայց հեղափոխության արդյունքում պարզվել է, որ իրականության մեջ այդ ասելիքը չի արդարացել։ Այդ ուժերն, ըստ էության, զրկվել են քաղաքական ասելիքից և լեգիտիմ պատճառ ունեն հիասթափության»,- նշեց վարչապետը։
Մյուս խումբը, որը, վարչապետի կարծիքով, հիասթափվելու մեծ պատճառ ունի՝ արևմտամետներն են։
«Իրենք, ըստ ամենայնի, հավատացել են հայտնի շրջանակների ասածին, որոնք ասել են՝ Հայաստանում հեղափոխություն են արել արևմտամետ ուժերը։ Իրենք էլ մտածել են, որ ինչ լավ է՝ «մերոնք եկան իշխանության», հետո էլ հասկացել են, որ արևմտամետ ուժ Հայաստանում իշխանության չի եկել»,- նշեց վարչապետը։
Հիասթափվածների մյուս խումբն ըստ վարչապետի՝ ռուսամետներն են։
«Նրանք երկու վարկած ունեին։ Մտածում էին, որ Ռուսաստանը իր լծակներով թույլ չի տա մեր իշխանության գոյությունը։ Ինչու էին այդպես մտածում՝ չգիտեմ։ Կամ երկրորդ տարբերակը. որ Հայաստանի իշխանությունն այնքան մարիոնետային կդառնա, որ ստիպված կլինի դաշտ բացել և կիսել ռուսամետների հետ։ Բայց նրանք հիմա էլ են հիասթափված, որովհետև հասկանում են, որ իրենց ընկալած սցենարներից ոչ մեկը չի գործում և ոնց որ թե չի էլ գործելու»,- նշեց վարչապետը։
Հաջորդ խումբը, որը հիասթափված է հեղափոխությունից, օլիգարխիան է՝ նշեց վարչապետը։
«Նրանք, ովքեր առաջ երթևեկում էին ավտոշարասյունով, հիմա չեն երթևեկում այդպես։ Սա գուցե պրիմիտիվ է, բայց սիմվոլիկ նշանակություն ունի։ Մտածում էին՝ հեսա իշխանությունը կսկսի իրենց դիմել տարբեր հարցերով, բայց իշխանությունը չի դիմում այսօր։ Մեր մեծահարուստ հայրենակիցներին իշխանությունը ոչ մի հարցով չի դիմում այսօր և հետևաբար առևտուրների և կոմպրոմիսների որևէ անհրաժեշտություն չունի։ Նախկին օլիգարխիան էլի հիասթափվելու պատճառ ունի»,- նշեց վարչապետը։
Հիասթափվածների մեջ են նաև լրատվամիջոցները։ Քանի որ, ըստ վարչապետի, զրկվել են հուսալի ֆինանսավորման աղբյուրներից։ Նախկինում ԶԼՄ մեծ հատված վերահսկվել է իշխանության կողմից և փող է ստացել, հիմա չի վերահսկվում և փող չի ստանում՝ նշեց վարչապետը։ Նրա խոսքով՝ երեկ իր արած նմանատիպ հայտարարությունը մեծ արձագանք է ստացել համացանցում, և դիմեց «Հայկական ժամանակին», որ մեծ հաշվետվությամբ հանդես գա՝ ձևավորման օրից մինչ օրս։
«Իմիջիայլոց՝ ակնհայտորեն, լրատվամիջոցների մի զգալի հատվածը մինչև օրս շարունակում է ֆինանսավորվել նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, բայց հիասթափության պատճառն այն է, որ բոլորը հասկանում են՝ այդ իրավիճակը երկար չի տևելու, քանի որ նախկին իշխանության ներկայացուցիչները փող չեն ունենալու, որ ֆինանսավորեն։ Հետևաբար՝ ինչ է լինելու այդ լրատվամիջոցների հետ»,- ասաց վարչապետն ու նշեց, որ սա մտածելու տեղիք է տալիս, թե ինչ անել Հայաստանում ազատ մամուլի զարգացումը խթանելու համար։
Հիասթափված է նաև հոգևորականությունը՝ ասաց վարչապետը՝ հավելելով, որ երկար չէր կարողանում հասկանալ՝ այս խումբը ընդգրկի՞ հիասթափվողների կազմում, թե՞ ոչ։
«Հայաստանում ինչքան ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այդքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը։ Այսինքն՝ ինչքան Հայաստանում կա իշխանություն, որը փորձում է արժեքներ սերմանել, այնքան ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքը արժեքների սերմանման մասով ունի մեծ խնդիրներ, որը հոգևորականության համար առաջացնում է հիասթափություն կամ դիսկոմֆորտ։ Մենք շատ դեպքերում հոգևորականության գործողության մեջ տեսնում ենք քաղաքական ինտրիգներ, քան բուն Աստվածաշնչից և նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն»,- նշեց վարչապետը։
Հիասթափված են Սփյուռքի որոշ կառույցներ՝ նշեց վարչապետը։ Պատճառն, ըստ վարչապետի, Հայաստանի Կառավարության և Սփյուռքի միջև միջնորդ լինելն է։
«Այսօր այդ երևույթը փոխվում է։ Որովհետև ես այսօր խոսում եմ ձեզ հետ ու չկա բաժանում՝ Սփյուռքի հետ եմ խոսում թե Հայաստանի։ Հեղափոխությունից ի վեր՝ մենք Սփյուռքի հետ խոսում ենք ուղիղ»,- նշեց վարչապետը։
Հիասթափված են նաև նյութական ակնկալիքով հեղափոխությանը միացած մարդիկ։ Դրանք մարդիկ էին, որոնք հույս ունեին, թե վերաձևակերպում տեղի կունենա, և իրենք կստանան շատ կոնկրետ բաժիններ։ Վարչապետը նշեց, որ շատ օրինակներ ունի, որ ընտանիքով մասնակցել են հեղափոխությանը, տարբեր առաջարկներ են արել տարբեր պաշտոններում աշխատելու, բայց մերժում ստանալուց հետո հայտնվել են նախորդ իշխանության տանիքի ներքո։
«Բա մենք քայլել ենք։ Բա մեր քայլածը կոնկրետ մի հատ բանով չե՞նք կարողանում փոխակերպենք՝ ես հարցին բազմիցս անդրադարձել եմ»,- ասաց վարչապետը։
Հիասթափության հաջորդ սեգմենտն, ըստ վարչապետի դասակարգման, ընկերներն ու բարեկամներն են, որոնց տրամաբանությամբ՝ իրենց ընկերը վարչապետ է, բայց իրենց կյանքում շոշափելի ոչինչ չի փոխվել։
Ամփոփելով՝ վարչապետը նշեց, որ կան հիմնահարցային կետեր, որոնք պետք է վերանայել։ Դա պետություն-եկեղեցի հարաբերություններն են, խոսքի ազատությունն է։