Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ հարցին, թե 8-րդ միջոցառմամբ ինչպե՞ս է հաշվարկվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող և միաժամանակ այլ տուժած ընկերությունում գրանցված աշխատողին տարամադրվելիք աջակցությունը։
Սարգսյանի խոսքով՝ բոլոր այն անձինք, որոնք միաժամանակ և՛ վարձու աշխատող են, և՛ անհատ ձեռնարկատեր, օգնության չափը հաշվարկվում է երկու մեթոդով։ «Ե՛վ որպես անհատ աշխատող, և՛ որպես անհատ ձեռնարկատեր երկու մեթոդով հաշվարկված օգնության չափից որն ավելի մեծ է լինում, այդ չափով էլ տրամադրվում է աջակցությունը»,- տեղեկացրեց Սարգսյանը։
Վարչապետի օգնականը անդրադարձավ նաև 9-րդ միջոցառմանը՝ նշելով, որ անձը կարող է մի քանի տարբեր դիմումներ ներկայացնել իր տարբեր երեխաների համար, ինչպես նաև կարող է մեկ դիմումով լրացնել իր բոլոր երեխաների տվյաները միաժամանակ։
«Այս պահին ծրագրավորղներն աշխատում են, որպեսզի ավելի պարզեցվի համակարգը, և քաղաքացիները ստիպված չլինեն ներկայացնել իրենց բոլոր երեխաների տվյալները, ծննդյան վկայականների համարները և հանրային ծառայության համարանիշը։ Շատ են լինում դեպքեր, երբ մուտքագրելու ժամանակ քաղաքացիները սխալներ են անում։ Հույս ունենք՝ մինչև շաբաթվա վերջ կունենանք նոր գործիքը»,- նշեց Սարգսյանը։
Նոր գործիքով ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, և ինքնաշխատ եղանակով կլրացվեն բոլոր երեխաների տվյալները։
Վարչապետի օգնականն անդրադարձավ նաև հարցին, թե ի՞նչ հաշվարկով է ստացվում 8-րդ միջոցառման շրջանակում տրվող գումարի չափը, քանի որ մի շարք քաղաքացիներին հետաքրքրում է, թե ինչու են դրամական աջակցությունը ստանում 68,000-ից պակաս չափով։
«Բոլոր այն աշխատողները, որոնք լիարժեք դրույքով են աշխատել կամ աշխատել են միայն հունվարին կամ փետրվարին, նրանց գումարը հնարավոր է՝ ցածր լինի, քան նվազագույն ամսական աշխատավարձը։ Հաշվարկի կարգը հետևյալն է՝ մենք տուժած ոլորտի վարձու աշխատողի հունվար և փետրվար ամիսների աշխատավարձը բաժանում ենք երկուսի, ստանում ենք միջին ամսական աշխատավարձը։ Եթե դա ավելի ցածր է, քան նվազագույն ամսական աշխատավարձը, նա ստանում է այդ չափով աջակցություն»,- տեղեկացրեց Սարգսյանը։
Վարչապետի օգնականը բացատրեց՝ եթե քաղաքացին աշխատանքի է անցել փետրվարի կեսին, և աշխատավարձը եղել է 30,000 դրամ, ապա աջակցությունը կլինի 15,000 դրամի չափով, քանի որ կբաժանվի նաև հունվար ամսվա 0 դրամ եկամտի հետ։