«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին: Սիմոնյանը նշեց, որ մինչև այս օրենքն ընդունելն էլ պատշաճ քրեաիրավական գործընթացներ իրականացնելու դեպքում հնարավոր կլիներ ապօրինի գույքը վերցնել հանցանք կատարած մարդկանցից և վերադարձնել պետությանը։
«Բայց ամեն դեպքում իշխանությունը գտավ, որ բավարար չեն առկա կարգավորումները, և նոր նախագիծ բերեց, որին մենք դեմ չենք քվեարկել։ Ավելին՝ առաջին ընթերցման ժամանակ նաև կողմ ենք քվեարկել ու մեր առաջարկություններն ենք ներկայացրել, որ կատարելագործվի ու արդյունավետ կիրառում ստանա։ Բայց ոչ բոլոր առաջարկություններն ընդունվեցին։ Հույս ունենք, որ օրենքն իր նպատակին կծառայի, ոչ թե հարակից ազդեցությամբ այլ վնասակար հետևանքներ կառաջացնի, որոնց մասին մենք նախազգուշացրել ենք։
Օրենքի կարգավորման դաշտում լուրջ բացթողումներ կան, որոնք եթե հանկարծ կիրառվեն պրակտիկայում, կարող են շատ լուրջ բացասական հետևանքներ առաջացնել»,- նշեց Սիմոնյանը։