ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չի տեսնում: Ըստ նրա, Փաշինյանն այդ ժամանակաշրջանում չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար։
ԱԺ ճեպազրույցների ժամանակ Քոչարյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հետ հանձնաժողովում տեղի ունեցած հանդիպմանն ու դրան մամուլի արձագանքին։
Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովի որևէ անդամ չի հրապարակայնացնելու, թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, քանի դեռ վերջնական եզրակացության չեն եկել։ Քոչարյանը նշեց, որ որոշ լրատվամիջոցներ ենթադրություններ են արել, թե փակ նիստի ժամանակ ինչ հարցեր են տրվել Սերժ Սարգսյանին։
«Խնդիրը 400, 800 հեկտար կամ ավել-պակասի մասին չէ։ Խնդիրները, որոնք հանձնաժողովն իր ստեղծման պահին արձանագրել էր՝ թե ուսումնասիրության առարկա ինչը պետք է լինի, հստակ իրականացվում է։ Այս պահի դրությամբ էլ հանձնաժողովի փակ նիստում քննարկված որևէ հարց մենք հրապարակային երբեք չենք դարձրել, բացի նրանից, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է հանձնաժողովի նիստին, որը տևել է 5 ժամ։ Եվ հանձնաժողովի այդ նիստի բաց մասերից որոշ բաներ լրագրողները եթե ցանկացել են իմանալ, իմացել են ինձնից կամ հանձնաժողովի մեկ այլ անդամից, կամ հենց Սերժ Սարգսյանից, եթե ինքը նպատակահարմար է գտել այդ մասին խոսելու։ Իրենց նկարագրած աղբյուրներ որևէ մեկը չի կարող ունենալ հանձնաժողովում, որովհետև նիստերին մասնակցում են պատգամավորները, որոնք գաղտնիության ռեժիմի հետ կապված տվել են ստորագրություններ, և որևէ արտահոսք գաղտնի փաստաթղթի մասով չի արվել»,- նշեց Քոչարյանը և հավելեց, որ այն, ինչ մամուլում հրապարակվում է ինչ-ինչ աղբյուրների հղում տալով՝ ճիշտ չէ, քանի որ այդ աղբյուրները գոյություն չունեն։