«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ ապրիլի 20-ին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով, Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության, Սիրիայի օգնության խաչի և «Հայ ծերանոցի» ղեկավար կազմի հետ համագործակցությամբ և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի օժանդակությամբ Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը այցելել է մանկատան սաներին և միայնակ տարեցներին՝ փոխանցելու ստացված սննդային նվիրատվությունները և այլ անհրաժեշտ պարագաներ:
Հալեպում գտնվող ծերերի տանը օթևան գտած միայնակ ծերերը և մանկատան սաները ՀՀ մարդասիրական խմբի մշտական ուշադրության կենտրոնում են: Նրանց մշտապես սննդամթերք է տարվում և բժշկական օգնություն է ցուցաբերվում: Մարդասիրական խմբի ղեկավարությունը հնարավորության սահմաններում շարունակելու է օգնել ծերերին և մանուկներին սննդի և կենցաղային այլ խնդիրների բարելավման համար՝ ասվում է գրառման մեջ: