Մարդու իրավունքների պաշտպանը ԱԺ ներկայացրած տարեկան հաղորդման մեջ անդրադարձել է«Մարտի 1»-ի քրեական գործին:
«Նախորդ տարիների ընթացքում «Մարտի 1»-ի 10 զոհի մահվան վերաբերյալ քննվող հանրային նման հետաքրքրություն ունեցող վարույթի վերաբերյալ հանրությանը չեն տրամադրվել բավարար տեղեկություններ՝ չնայած դրա հանրային մեծ պահանջին, չի իրականացվել զոհերի հարազատների և հանրության շրջանում պատշաճ իրազեկում այդ գործերի քննության վիճակի մասին: Դրանից բացի՝ Պաշտպանի տարեկան հաղորդումներում անընդհատ նշվել է, որ անհրաժեշտ է արագացման սկզբունքով ապահովել հարուցված քրեական գործերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը»,- նշել է ՄԻՊ-ը:
Օմբուդսմենի տարեկան հաղորդման մեջ ծավալուն անդրադարձ կա այս գործով 2018-2019 թթ. զարգացումներին՝ նոր մեղադրյալների ներգրավմանը, «Մարտի 1»-ի գործից առանձնացված և դատարան քննության ուղարկված մասին, այդ թվում առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու նրա նկատմամբ նախաքննական մարմնի արգելանքներին: Անդրադարձ կա նաև «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման մասին Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ ընդունած օրենքին:
«Ձեռնպահ մնալով քրեական վարույթի ընթացիկ գործով որևէ գնահատական տալուց՝ Մարդու իրավունքների պաշտպանը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հանրային բարձր հետաքրքրություն ունեցող քրեական գործեր քննելիս պետությունը ստանձնում է առավել պատասխանատվություն հետևողականորեն երաշխավորելու քրեորեն հետապնդելի արարքում մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը: Դա միայն ցույց է տալիս՝ որքան բարձր է պետությունը գնահատում հանցավորության դեմ պայքարի իր հանձնառությունը՝ այդ պայքարի արդյունքների կայուն հավաստիությունը ապահովելու տեսանկյունից: Ավելին, քրեական արդարադատության համակարգը կրում է քրեական վարույթին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ հանրությանը տրամադրելու և այդ կերպ հաշվետու քննություն ապահովելու պարտադիր բեռը: Սա իր հերթին կոչված է երաշխավորելու հանրության վստահությունն առ այն, որ քրեական կոնկրետ վարույթն իրականացվում է իրավունքի գերակայության մշտական պահպանմամբ»,- նշված է ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ: