Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում 51-ամյա զինված տղամարդը կրակ է բացել նախ Պորտապիկ քաղաքում, այնուհետև՝ քաղաքից 50 կմ հեռու գտնվող մի քանի բնակավայրում:
17 մարդ է զոհվել, հայտնում է CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կանադայի ոստիկանության ներկայացուցչին:
Ոստիկանների հետ 12 ժամ տևած գործողության ժամանակ մահացել է նաև հրաձիգը, ոստիկանության մեկ աշխատակից, մեկն էլ վիրավորվել է:
Ըստ ոստիկանության տվյալների՝ հրաձիգ Գաբրիել Վորթմանը գործել է միայնակ, զոհերը հիմնականում պատահական են եղել: Նա ատամնաբույժ-պրոթեզիստ էր, ֆինանսապես ապահովված, ատամնաբուժական կլինիկայի սեփականատեր է եղել, երկու տուն ունեցել Դարթմութում և երեքը՝ Պորտապիկեում:
Հայտնի է, որ հանցագործության օրը Վորթմանը կրել է Կանադայի դաշնային ոստիկանության հագուստ և վարել ոստիկանության ծառայողական մեքենա: Այժմ ճշտվում են հանցագործության դրդապատճառները: Առայժմ պարզ չէ՝ արդյոք Վորթմանի գործողություններն ինչ-որ չափով կապվա՞ծ են եղել COVID-19 համաճարակի պատճառով հաստատված կարանտինային ռեժիմի հետ: Հայտնի է միայն, որ նա չի աշխատել կարանտինի պատճառով: