Պարետի որոշմամբ տեղական ինքնակառավարման մարմիններն այս օրերին աջակցում են ՀՀ ոստիկանությանը՝ տնտեսվարողների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակիցները ստուգումներ են իրականացնում կենսական անհրաժեշտության ապրանքներ ապահովող խանութներում՝ արտակարգ դրության պայմաններում սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:
Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական հեռավորության պահպանմանը, հաճախորդների համար հիգիենայի պարագաների ապահովմանը, աշխատակիցների կողմից դիմակների և ձեռնոցների պարտադիր օգտագործմանը:
Այս օրերին քաղաքապետարանի ստորաբաժանումները ստուգայցեր են իրականացնում նաև քաղաքի տարբեր հատվածներում՝ արգելելով բացօթյա ապօրինի առևտուրը: