«Այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի ուղերձի նախապատրաստական աշխատանքների կադրերին, որոնք տարածվել էին համացանցում։
«Ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ։ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումն այդ առումով բավականին կոշտ և վճռական է: Խնդիրն այն է, որ տարբեր մեկնաբանություններ կարող են հնչել տեղի ունեցածի հետ կապված՝ ոչ պրոֆեսիոնալիզմի, անփութության կամ դիտավորության: Այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել արտահայտություն կամ նախադասություն, որոնք ոչինչ չեն ասում անձնակազմի համար, բայց դա կարևորագույն խնդիր կարող էր լինել զուտ անվտանգության տեսանկյունից»,- ընդգծեց խմբակցության ղեկավարը:
Մակունցը նաև ասաց, որ պատասխանատուները կարճ ժամանակում եթե պատասխանատվություն չկրեն, ՀՌՀ-ին կհրավիրեն խմբակցություն։ Պատրաստվում են հորդորել, որ նման դեպքերն այսուհետև բացառվեն, նաև զբաղվեն այս միջադեպում ներառված անձանց պատասխանատվության հարցով։