ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս: 1lurer.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներկայումս նա ստանում է համապատասխան բուժում:
«Վիճակը լավ է, ըստ մեր ունեցած տեղեկատվության՝ առկա է բարելավման դինամիկա: Նրա մոտ ջերմություն և այդ վիրուսային հիվանդության լուրջ ախտանշաններ չեն եղել: Նրա հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզված է, ընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում: Իսկ առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ ունեցել է, գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Նրանց մոտ համապատասխան հիվանդութան կլինիկա ունենալու վերաբերյալ տվյալներ առայժմ չունենք: Ախտանշանների ի հայտ գուլու դեպքում անմիջապես միջոցներ կձեռնարկվեն նրանց թեստավորման համար»,- հայտնեց Արևիկ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ ՀՀ գլխավոր դատախազությունում միջոցներ են ձեռնարկվում աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածումն կանխելու համար:
«Նախ՝ արդեն տևական ժամանակ է, աշխատակիցների մեծ մասը, այդ թվում նաև դատախազները, աշխատանքային գործունեությունն իրականացնում են բնակության կամ փաստացի գտնվելու վայրում՝ ինքնամեկուսացման պայմաններում: Իսկ աշխատանքի հաճախող բոլոր աշխատակիցները պարտադիր ամեն օր ջերմաչափվում են, դատախազության վարչական շենքերում պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Վերջին անգամ կրկնակի ախտահանում իրականացվել է այս շաբաթ և կիրակի օրերին: Բացի դրանից՝ բոլոր աշխատակիցները, աշխատասենյակներն ապահովված են ալկոգելներով կամ այլ ախտահանիչ միջոցներով»,- ասաց նա: