Մեծ Բրիտանիայի Սասեքսի դուքսն ու դքսուհին հայտնել են, որ դադարեցնում են համագործակցությունը բրիտանական պարբերականների հետ: Sun-ի, Mirror-ի, Mail-ի և Express-ի հրատարակությունների և կայքերի խմբագիրներին ուղղված նամակում նշվել է, որ զույգն այդ քայլին է դիմել իրենց մասին «աղավաղված ու կեղծ» պատմությունների պատճառով: Նրանք համոզված են, որ այդ բամբասանքները խթանում են գովազդային եկամուտները, և չեն ցանկանում նպաստել այդ գործընթացին:
Պարբերականների հետ գործակցության դադարեցումը նշանակում է, որ զույգի PR թիմը այլևս չի պատասխանի թերթերից ստացված զանգերին:
Նամակում նաև նշված է, որ այդ քայլով զույգը չի խուսափում քննադատությունից: «Խոսքը հանրության հետ երկխոսությունը դադարեցնելու կամ ճշգրիտ ռեպորտաժների մասին չէ: Լրատվամիջոցներն իրավունք ունեն հաղորդումներ պատրաստել և լավ կամ վատ կարծիք ունենալ Սասեքսի դուքսի և դքսուհու մասին: Բայց դա չպետք է հիմնվի ստի վրա»:
Զույգը թագավորական ընտանիքի ավագ անդամի պարտականություններից հրաժարվելուց հետո տեղափոխվել է Կալիֆոռնիա: