ԱԻՆ-ը շարունակում է վարակազերծում իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և Երևանում։ Նույն կառույցն օրվա ընթացքում կարող է ախտահանման ենթարկվել մի քանի անգամ՝ կախված մարդկանց հոսքից։
Ամենօրյա վարակազերծումներ են արվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, խանութներում և այլն։
ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում նաև բնակելի շենքեր են վարակազերծվում։
Ապրիլի 16-20-ը փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երևանում, 2307-ը՝ մարզերում։
Ախտահանվել են Ազգային ժողովի, ՀՀ դատախազության, մարզային քննչական վարչությունների շենքերը, Արարատի երկաթուղային կայարանը, ինչպես նաև բազմաթիվ այլ տարածքներ։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Ամենօրյա վարակազերծման են ենթարկում տրանսպորտային միջոցներն ու տեխնիկան։