Անկարգություններ են սկսվել հունական Խիոս կղզու փախստականների ճամբարներից մեկում: Աֆրիկայից և Կենտրոնական Ասիայից ագրեսիվ մարդկանց մի խումբ հրկիզել է մի քանի վրան և տեղի ճաշարանը, դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել:
Ըստ հաղորդումների՝ ճամբարի բնակիչների խռովության պատճառ է դարձել 47-ամյա իրաքցի կնոջ մահը: Լուրեր են տարածվել, թե կինը կորոնավիրուսով վարակված էր, քանի որ մահից առաջ բարձր ջերմություն և հազ է ունեցել: Մինչդեռ ճամբարը լեփ-լեցուն է, ոչ ոք չի կարող այն լքել, հիգիենայի միջոցներն ու դեղերն էլ չեն բավարարում:
Մարդկանց հանգստացնելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Իշխանություններն ավելի ուշ հայտարարել են, որ կորոնավիրուսի կասկածները չեն հաստատվել:
Հունական կղզիներում փախստականների և միգրանտների ճամբարներում այսօր 40 հազար մարդ կա, հաճախ են այնտեղ խռովություններ և ոստիկանության հետ բախումներ բռնկվում: Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին իրավիճակը նկատելիորեն վատթարացել է: