Հակաճգնաժամային 8-րդ ծրագրով 78,783 քաղաքացու տրամադրվել է աջակցություն 5 միլիարդ 456 միլիոն դրամի չափով,- տեղեկացրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով Կառավարության ընդունած 8-րդ և 9-րդ ծրագրերին:
«Այսօր արդեն մեր ծրագրում ավելացրել ենք տուժած ոլորտների նոր ցանկերը, որոնք անցած շաբաթ Կառավարության նիստում հաստատեցինք։ Դրանք էին՝ ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունը, նախադպրոցական կրթությունը, սպորտի բնագավառում գործունեությունը և հանգստի ու զվարճությունների կազմակերպման այլ գործունեությունները։ Նշված 4 ոլորտներում ևս 8 հազար տնտեսվարող սուբյեկտների ցանկը ավելացվել է մեր ցուցակում, և այսօրվանից նրանք կարող են դիմել և ստանալ աջակցության իրենց չափը»,- նշեց Սարգսյանը։
Վարչապետի օգնականը նաև ընդգծեց, որ շատ տնտեսվարող սուբյեկտներ իրենց տնտեսական գործունեության դասակարգիչը սխալ են լրացրել, որի պատճառով տուժած ոլորտների ցանկում չեն հայտնվել։ Սարգսյանը հորդորեց ուղղումներ կատարել նախկին հաշվետվությունների մեջ։
«9-րդ ծրագրով այս պահի դրությամբ մենք աջակցություն ենք ցուցաբերել շուրջ 70 հազար ընտանիքի։ Աջակցությունը շարունակվում է, և շատ հնարավոր է, որ մինչև օրվա ավարտը այս թիվը կրկնապատկվի»,- հավաստիացրեց Սարգսյանը։