Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է երկրում կարանտինի փուլային մեղմացման մասին: Մասնավորապես, կարող են բացվել էլեկտրոնիկայի և կենցաղային իրերի խանութները, ինչպես նաև կթույլատրվի սպորտով զբաղվել դրսում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ձեռնարկությունները կկարողանան աշխատողների 30 տոկոսին վերադարձնել աշխատանքի: Հնարավոր կլինի բացել խանութներ, որոնք վաճառում են էլեկտրոնիկա, գրենական պիտույքներ, տնային իրեր, օպտիկա, համակարգչային տեխնիկա, գրքեր, որոնք չեն գտնվում առևտրի կենտրոնների ներսում»,- ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը նաև նշել է, որ կթույլատրվեն դրսում մարզումները, սակայն մի ընտանիքի անդամներից ոչ ավել, քան երկու հոգով: Կհանվի աղոթքի արգելքը բաց տարածքներում, սակայն աղոթողների թիվը միևնույն վայրում չպետք է գերազանցի 10-ը: Վարչապետը խոստացել է վերսկսել դասերը հատուկ կրթական համակարգում (հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար) և թույլատրել մանկապարտեզների աշխատանքը փոքր խմբերով: Հասարակական տրանսպորտը ևս կվերսկսվի աշխատանքը ՝ քաղաքացիներին աշխատատեղեր հասցնելու համար:
Նոր կանոնները կքննարկվեն կիրակի և աստիճանաբար կգործարկվեն: Վերջին տվյալների համաձայն՝ Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 13 000-ը, մահացել է 164 մարդ: