ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին ուղիղ եթերում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների և առաջիկա անելիքների հետ կապված ուղերձ էր հղել ժողովրդին։ Երեկ համացանցում էր հայտնվել տեսանյութ, որն արվել էր ուղիղ եթերից առաջ և նախատեսված չէր հեռարձակման համար։ Վարչապետի ելույթն ուղիղ եթերում հեռարձակել է Առաջին ալիքը, որն էլ պարզաբանում է.
«Հարգելի հեռուստադիտողներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները.
1. Արմենիա ԹիՎի
2. Շանթ
3. Միր
4. Հ2
5. ԱՐ
6. Կենտրոն
7. Երկիր Մեդիա
8. 5-րդ ալիք
Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն՝ ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»: