Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից նշում է միջազգային այս տոնը՝ կոչ անելով անդամ պետություններին ժառանգության պահպանության հանդեպ քաղաքացիների պատասխանատվությունը բարձր պահել։ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդն այս տարի «Ընդհանուր մշակույթներ, ընդհանուր ժառանգություն, ընդհանուր պատասխանատվություն» խորագիրն է ընտրել։
1lurer.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը տեղեկացրեց, որ 24000 հուշարձան ունենք, բայց նաև նորահայտներ կան, և թիվն անընդհատ ավելանում է։
Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ քաղաքացիների մոտ պետք է լինի այն գիտակցումը, որ եթե հուշարձանը գտնվում է իրենց համայնքում, ապա այդ համայնքի ֆինանսական երաշխավորն է։ Ընդգծեց՝ պետք է մարդիկ մաքուր պահեն հուշարձանը, չաղճատեն, ենթակառուցվածքներն ակտիվացնեն։ Խաչատուրյանը ցավով նշեց, որ շատերը դեռ չունեն այդ գիտակցումը, որ հուշարձանը գումար բերող երակ է։
«Զբոսաշրջային առումով հուշարձանները շատ ֆինանսաբեր են, և այդ գիտակցումը չկա։ Եթե մեկը հողամաս ունի հուշարձանին մերձ տարածքում, անպայման շատ ստանդարտ բաներ են ուզում կառուցել՝ ճաշարան կամ հյուրանոց, փոխարենը երևակայությունն ավելի շարժելու և հենց աշխատելու, ակտիվացնելու, ենթակառուցվածքները զարգացնելու հանուն հուշարձանի։ Ոչ թե հուշարձանները պետք է ծառայեցնեն իրենց բիզնեսին, այլ իրենց բիզնեսը ծառայեցնեն հուշարձաններին»,- ասաց նախարարի տեղակալը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի աշնանը պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով մեկնարկեցին իրազեկման արշավներ։ Կազմվել էին հուշարձան շենքերի ցուցակները և այցելությունների միջոցով փորձում էին սեփականատերերին իրազեկել, թե ինչ պարտավորություններ պետք է պահպանեն։ Նպատակն էր նաև, որ համայնքների ղեկավարների մակարդակով ավերածությունները և հուշարձաններին վնասող քայլերը վերահսկվեին և չթույլատրվեին։
«Չեն կարող արտաքին մասը կամայական փոփոխության ենթարկել, եթե անգամ պետք է օդափոխիչ սարք դնել, իրականում պետք է շատ զգույշ լինել։ Հուշարձան շենքի սեփականատերը օրենքով պարտավորված է այն պահպանելու և վերականգնելու, եթե ինչ-որ բաներ վնասվում են։ Անպայման լիազոր մարմնին՝ ԿԳՄՍ նախարարությանը ներկայացնելով համապատասխան էսքիզ և թույլատվություն ստանալու դեպքում այն իրականացնել»,- ասաց Նարինե Խաչատուրյանը։
Նախարարի տեղակալն ընդգծեց, որ Հայաստանում ամեն քայլափոխի կարող ենք քայլել և տեսնել, թե ինչպես են գեղեցիկ հուշարձան շենքերի վրա կամայական կառուցներ ավելացել կամ պատուհաններ փոխվել։ Նշեց, որ անօրինական միջամտությունների, խախտումների համար վարչական տուգանքներ կան, բայց օրենսդրությունը պետք է խստացվի, ու նման արարքների համար ընդհուպ քրեական պատասխանատվություն սահմանվի: Խաչատուրյանը տեղեկացրեց, որ այդ առումով օրենքներում թույլ տեղեր կան, և իրենք փոփոխություններ են նախաձեռնել: Նախագծերը շուտով կդնեն շրջանառության մեջ:
Հուշարձանների պահպանության միջազգային օրվան ընդառաջ էլ այսօր Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը ֆլեշմոբ է նախաձեռնել։ Առաջարկում են #ԻՄ_ՍԻՐԵԼԻ_ՀՈՒՇԱՐՁԱՆԸ հեշթեգով տեղադրել իրենց լուսանկարած հուշարձանի լուսանկարը՝ գրելով անվանումն ու գտնվելու վայրը։
Պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակիցներից Գնել Հարությունյանը 1lurer.am-ի հետ զրույցում տրամադրեց իր սիրելի հուշարձանի լուսանկարները։ Ասաց՝ հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզի Արագյուղում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ռազմադաշտ մեկնած 240 արագյուղցիներից 83-ը չեն վերադարձել։ Հուշարձանը նվիրված է Երկրորդ աշխարհամարտում արագյուղցի զոհվածներին։ Կառուցվել է 1972 թվականին, ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է։ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ տոնին նախապես շրջայց են կատարել, եղել Զովունի գյուղում ու շաբաթօրյակ իրականացրել հուշարձան համալիրի տարածքում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նշեց, որ այսօր շատ կառույցներ էլ կան, որոնք հնագիտական են ու հողի տակ։ Ընդգծեց, որ մեծ աշխատանք դեռ կիրականացվի պեղված քաղաքային հատվածները պատշաճ ներկայացնելու, հնագիտական պարկեր ստեղծելու ու արգելոց թանգարաններն ավելի ակտիվացնելու գործում։ Ասաց՝ արդյունավետ աշխատանքի համար պետք է հանրային գիտակցությունը բարձր լինի, և պետք է սկսել նախ երեխաներին սովորեցնելուց, որ հուշարձաններն ու բնությունը պետք է մաքուր պահել։