Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած նախագծով առաջարկվում է Երևանի 12 վարչական շրջաններից կարմիր գծերը թողնել միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածում: Այս մասին Սիփան Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում՝ ներկայացնելով մանրամասներ:
«Սիրելի քաղաքացիներ, Երևանի քաղաքապետի, աշխատակազմի և ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկա շաբաթ, Սիսակ Գաբրելյանը շրջանառության մեջ կդնի իր և իմ հեղինակած օրենքի նախագիծը։
Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ.
12 վարչական շրջաններից կարմիր գծեր կմնա ՄԻԱՅՆ Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում
Լուսանկարով տուգանել այլեւս չի թույլատրվի, առնվազն 15 րոպե տեսանյութը պարտադիր կլինի
Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում)
Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք
Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումն արգելվում է, դրանց համար կլինի հատուկ վայրեր, հատուկ սակագին
Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն
Սակագների փոփոխություն չի լինելու:
Հաշվի առնելով կարանտինը՝ ասուլիսի փոխարեն երկուշաբթի, ժամը 15:00-ին ֆեյսբուքյան լայվով կներկայացնենք նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները»,- գրված է հայտարարությունում: