Ապրիլի 17-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ արդյունքում հայտնաբերվել է երթևեկության մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող 8 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Մեկ տրանսպորտային միջոց գտնվում էր հետախուզման մեջ, իսկ 2 մոտոցիկլետի վարորդներ թաքցրել էին համարանիշը, վարում էին առանց վարորդական վկայականի և ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով։
Բոլոր օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության։