Հետխորհրդային Հայաստանում կառուցվում է առաջին ջրամբարը և այն կենսական նշանակություն է ունենալու Արարատյան դաշտի ավազանի հողատարածքների համար. Ֆեյսբուքի էջում գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա տեղեկացրել է, որ Վեդիի ջրամբարում շինաշխատանքները վերսկսվել են՝ ապահովելով աշխատակիցների առողջության համար անվնաս պայմանները։ Այս պահին ընթանում են պատվարի կավադրման աշխատանքները, ինչին հետևել են շինհրապարակում։ Շրջայցի ընթացքում ծանոթացել են նաև օժանդակ կառույցների գործառութային նշանակությանը և համալիրի գեոտեխնիկական լաբորատորիայի գործունեությանը։
Նախարարը նշել է, որ Վեդի և Խոսրով գետերի ազատ ջուրը ամբարող ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցմամբ ոռոգելի հողատարածքները կավելանան 300 հա-ով, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25%-ով, կնվազի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը, կբարձրանա մշակաբույսերի բերքատվությունը, էլեկտրաէներգիայի տարեկան տնտեսումը կկազմի մոտ 19.0 մլն կվտ ժամ: