World Press Photo միջազգային հեղինակավոր մրցույթի կազմակերպիչները հայտարարել են 2019-ի լավագույն լուսանկարների հեղինակների անունները:
«Դիմանկարներ» անվանակարգում տարվա լավագույնը համարվել է լեհ լուսանկարիչ Տոմեկ Կաչորի «Զարթոնքը», որում պատկերված է երիտասարդ հայուհի:
Լուսանկարի հերոսուհին 15-ամյա Եվան է՝ լեհական քաղաքներից մեկում գտնվող փախստականների ընդունման կենտրոնում հաշմանդամի սայլակին նստած:
Euronews-ը գրում է, որ հայ աղջնակը տուժել է հարկադիր տեղահանման համախտանիշից, երբ նրա ընտանիքը ապաստան է ստացել Շվեդիայում: Եվան սկսել է վերականգնվել Լեհաստան վտարվելուց ութ ամիս անց:
Նշվում է, որ տեղահանման համախտանիշը մարդուն անշարժ է դարձնում, զրկում խոսելու, ուտելու և խմելու կարողությունից: Այն խոցում է հոգեբանական տրավմա ստացած երեխաներին՝ ապաստան ստանալու երկարատև գործընթացի ժամանակ: