Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունից ստացվել են ևս 27 քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսի թեստավորման արդյունքները: Այս քաղաքացիների մոտ նույնպես վարակը չի հաստատվել: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Թեստավորված քաղաքացիների մեծ մասը նախօրեին հանրապետական բժշկական կենտրոնում հաստատված դեպքի (բուժաշխատող) հետ շփման շրջանակից է՝ ընտանիքի անդամներ, գործընկերներ, ինչպես նաև մի խումբ քաղաքացիներ, որոնք տարբեր ախտանշաններով դիմել էին բուժհաստատություններ և թեստավորվել:
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս 27 քաղաքացիներից բացի, օրվա ընթացքում թեստավորվել էին ևս 28 քաղաքացիներ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ, այսօրվա ընթացքում ստացվել է 55 թեստավորման արդյունք: Բոլորի դեպքում էլ վարակը չի հաստատվել:
Հիշեցնենք, որ մինչ այս Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 7 դեպք, որոնցից երկուսը բուժվել են: