Այսօր Կրկեսի միջազգային օրն է: Այն նշվում է ամեն տարի ապրիլի երրորդ շաբաթ օրը:
Այս տոնը 2009 թվականին նախաձեռնել են Եվրոպական կրկեսային ասոցիացիան (European Circus Assotiation) ու Կրկեսի համաշխարհային ֆեդերացիան (Federation Mondiale Du Cirque), որը գործում է Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիայի հովանու ներքո։
Եվրոպական կրկեսային ասոցիացիայի նախագահ Ուրս Փիլսն ու արքայադուստր Ստեֆանիան բոլոր կրկեսներին առաջարկել էին աջակցել Կրկեսի միջազգային օր հիմնելու նախաձեռնությանը:
Արդեն 2010 թվականին այդ օրը նշվել է և այդ ժամանակից ի վեր դարձել ամենամյա տոն բազմաթիվ երկրների համար։
Կրկեսի միջազգային օրը ևս մեկ առիթ է՝ հիշելու հայ մեծանուն արտիստին՝ կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարովին ու մեջբերելու նրա նովելներից մի քանիսը:
Գունդը ափի մեջ
Կրկեսում մարդիկ բարդագույն հնարքներ են բանեցնում: Նրանք թռչում են գմբեթի տակով, տասնյակ առարկաներով աճպարարություն են անում և դեռ կանգնում են ձեռքերի վրա, և դա սովորելը հատկապես դժվար ու բարդ է: Եվ դա բարդ է ոչ միայն այն պատճառով, որ գիշերները անվերջանալի վարժանքներից ձեր ուսերը, դաստակները կցավեն և աչքերը արյունով կլցվեն:
Այդ ամենը, իհարկե, դժվար ու ծանր է, և այդուհանդերձ վաղ թե ուշ մոռացվում է: Այ միայն մի բան երբեք չի մոռացվում, երբ դու կանգնած ես զույգ ձեռքի վրա, մի ձեռքը դանդաղ պոկում ես հատակից և հասկանում ես, որ քո ափի վրա փռված է երկրագունդը:
Արտիստին
Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ:
Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, և կմնա միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ Հույս, հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր...
Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես, և քեզ հետ է նորից Անհանգստությունը:
Մի ստիր ինքդ քեզ` առանց այդ դու չես կարող:
Սերն ու անդորրը ընդամենը պատրանք են, առանց որոնց Ճանապարհ չի լինում:
Գրպանահատը
Ես գրպանահատ եմ: Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ եւ երջանիկ: Գրեթե երջանիկ:
Միայն թե ափսո՜ս, որ ոչ ոք գրպանում իր սիրտը չի պահում։