«Մեկ աշխարհ. միասին՝ տանը» խորագրով համաշխարհային համերգը, որն այսօր երեկոյան ուղիղ եթերով կհեռարձակվի համացանցային բազմաթիվ միջոցներով, նվիրվում է կորոնավիրուսի դեմ պայքարող առաջամարտիկներին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Համերգին կմասնակցեն ավելի քան 100 աստղեր, այդ թվում՝ Ռոլինգ Սթոունզը, Բիլի Այլիշը, Էլթըն Ջոնը, Ջենիֆեր Լոպեսը, Սելին Դիոնը, Սթիվի Ուանդերը, Թեյլոր Սուիֆթը, Ջոն Լեջենդը, Ֆարել Ուիլիամսը, Անդրեա Բոչելին և շատ ուրիշներ: Ութ ժամ տևողությամբ համաշխարհային երաժշտական միջոցառմանը կմասնակցի նաև Լեյդի Գագան, որը համերգի կազմակերպիչն է:
Յուրաքանչյուր մասնակից կերգի իր տնից, կատարումները կլինեն կենդանի հնչողությամբ:
Միջոցառման ժամանակ իրական պատմություններ կհնչեն կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների մասին:
Լեյդի Գագայի խոսքով՝ շոուն գումար նվիրաբերելու թելեթոն չէ: Համերգը մարդկանց զվարճացնելու և համերաշխության ուղերձ հղելու նպատակ ունի:
«Մեկ աշխարհ. միասին՝ տանը» խորագրով համաշխարհային համերգին կարելի է հետևել հետևյալ ալիքներով՝ NBC networks ABC, ViacomCBS Networks, The CW և iHeartMedia.