ՀՀ կառավարությունը, նպատակ ունենալով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հաղթահարմանը, իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնցից ցանկանում են օգտվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հավաստագրված կազմակերպություններ, հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
«Այդ կապակցությամբ՝ վերջին շրջանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններից ստանում է բազմաթիվ գրություններ, որոնց հիմնական նպատակն է, չհակասելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, օգտվել ՀՀ կառավարության կողմից սահմանված բազմաթիվ օժանդակություններից։
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հավաստագրված կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 359-Լ որոշմամբ՝ սահմանված օժանդակությունից օգտվելու դեպքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այն չի դիտարկի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում»,- ասված է հաղորդագրության մեջ։