Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Սրտաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնին հանձնարարել է Ռուսաստանում չգրանցված չինական դեղամիջոցներն անվճար տրամադրել կորոնավիրուսով հիվանդներին բուժող կազմակերպություններին:
Շանհայի դեղագործական ընկերությունը «Հիդրօքսիքլորոխին» չգրանցված դեղը անվճար է տրամադրել Ռուսաստանին:
Միևնույն ժամանակ, «Ռոզդրավնադզորը» պետք է վերահսկի այս դեղամիջոցի արդյունավետությունն ու անվտանգությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքն էր հայտնել, որ հիդրօքսիքլորոխինի և ազիտրոմիցինի միացությունը «կարող է շատ լավ լինել» COVID-19-ի բուժման համար: Մինչդեռ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ կասկածելի են համարել քլորոխինի բուժիչ հատկությունը կորոնավիրուսի դեպքում, իսկ շատ մասնագետներ էլ մարդկանց հորդորել են զգոն մնալ և չօգտագործել այդ դեղերը, քանի դեռ չի հաստատվել դրանց արդյունավետությունը կլինիկական փորձարկումներով: Այն կարող է կողմնակի լուրջ բարդություններ առաջացնել, ներառյալ մահացու դեպքերը:
Կլինիկական փորձարկման արդյունքներից խրախուսված՝ դեռևս փետրվարի 19-ին, չինացի բժիշկները խորհուրդ էին տվել քլորոխինն օգտագործել COVID-19-ի բուժման համար, սակայն մի քանի օր անց որոշվեց չօգտագործել դեղամիջոցը: Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը պարզել էր, որ դեղը կարող է սպանել մեծահասակին, եթե խախտվի դեղաչափի օրական մեկ գրամ օգտագործումը: