1lurer.am-ն արդեն ներկայացրել էր, թե ովքեր են ամենաշատը գումար վերականգնել Հատուկ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործերի շրջանակում։ Գումարներ են վերականգնվել նաև մի քանի քրեական գործերով, որոնցում ներգրավված են տարբեր պետական պաշտոնյաներ։ ՀՔԾ-ն տրամադրել է բյուջե վերականգնած գումարների մասին այլ տեղեկություններ ևս։
Յուրացումներ ՊՊԳՎ-ում
Ըստ տեղեկատվության՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու և պաշտոնեական անփութության համար հարուցված քրեական գործով բյուջե է վերականգնվել մոտ 110 միլիոն դրամ։ Պարզվել է, որ մասնավոր ընկերությունները՝ մասնավորապես «Իդրամը», «ՄԼ մայնինգը», «Ասինեսը» և այլ ընկերություններ, պահնորդական ծառայությունների դիմաց վճարել են գնդի աշխատողներին, սակայն ոստիկանության համապատասխան հաշվին մուտք անելու փոխարեն՝ գնդի ավագ հաշվապահ Կարինե Միրզոյանը կանխիկացրել և յուրացրել է։ Դատալեքսից տեղեկանում ենք, որ ըստ գործի նյութերի՝ Կարինե Միրզոյանն ընդունել է մեղադրանքը, միջնորդել արագացված դատաքննություն անցկացնել, ապա վերականգնել է պատճառված ամբողջ վնասը և, հաշվի առնելով «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի» կապակցությամբ քրեական գործերով համաներման որոշումը, վերջինիս նկատմամբ հետանդումը դադարեցվել է։
Ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի պետի և հաշվապահի ներգրավմամբ ևս քրեական գործ է քննվել ՀՔԾ-ում։ Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու համար և նրանք կանխիկ բյուջե են վերականգնել 38.5 միլիոն դրամ։
ՊՊԳՎ-ին վերաբերող մեկ այլ քրեական գործով վերականգնվել է ավելի քան 17.5 միլիոն դրամ։ Ըստ գործի նյութերի՝ ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի պետ Գագիկ Գրիգորյանը հաշվապահին հրահանգել է բաժնի 7 և բաժնի աշխատակից չհանդիսացող 10 անձանց ավել գումարներ փոխանցել։ 17 անձինք այդ գումարները կանխիկացրել և հետ են վերադարձրել Գրիգորյանին։ Բացի այդ՝ ըստ մեղադրանքի, Գրիգորյանը յուրացրել է անհատ ձեռնարկատեր Լիա Փիրումյանի կողմից ծառայությունների դիմաց ստացված վճարները՝ 1 միլիոն դրամի չափով։ Գրիգորյանը միջնորդել է արագացված դատաքննություն իրականացնել. նա մեղավոր է ճանաչվել յուրացման ու վատնման համար, որպես պատիժ նշանակվել է ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, սակայն դարձյալ համաներման շրջանակում ազատվել պատժից։
ՊՊԳՎ Արմավիրի բաժանմունքի պետն ու հաշվապահը, ըստ ՀՔԾ-ի, յուրացրել են 10.4 միլիոն դրամ, հարուցվել է քրգործ, գումարն ամբողջությամբ վերականգնվել է։ Արարատի ու Արտաշատի ՊՊԳՎ բաժանմունքի պետերն ու հաշվապահները ևս մեղադրվում են նույնաբնույթ յուրացումների մեջ։ ՀՔԾ-ն հայտնում է, որ վերջիններս յուրացման եղանակով հափշտակել են 20.8 միլիոն դրամ, որից 9 միլիոնը վերականգնվել է բյուջե։
Ըստ ՀՔԾ տրամադրած պատասխանի՝
-
Ոստիկանության ՊՊԳՎ Արաբկիրի բաժնի հաշվապահի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու փաստով հարուցված քրեական գործով ամբողջությամբ վերականգնվել է 7.7 միլիոն դրամ։
-
ՊՊԳՎ Գյումրիի բաժնի պետն ու հաշվապահը յուրացման դեպքի առթիվ հարուցված քրգործով վերականգնել են 4.2 միլիոն դրամ։
-
Կապանի ՊՊԳՎ հաշվապահ Արևիկ Բաբայանը 2015-2018 թվականներին իրեն և բաժնի մյուս աշխատակիցներին 3.2 միլիոն դրամ ավել գումար է փոխանցել, բացի այդ՝ դստեր և ամուսնու հաշվեհամարներյն փոխանցել ավելի քան 1 միլիոն դրամ, ապա կանխիկացրել և հափշտակել։ Նախաքննության ընթացքում 4.7 միլիոն դրամ հասցված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Վերականգնումներ ՄԱՊ-ից և գյուղնախարարության պաշտոնյաներից
Ըստ ՀՔԾ-ի՝ մեզ տրամադրած պատասխանի, հարկեր չվճարելու տեսքով պետությանը 30 միլիոն դրամ է վերադարձրել «ՄԱՊ» ընկերությունը։ Այս փաստը բացահայտվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից Աիլվա Համբարձումյանից 14 միլիոն դոլարի կաշառք ստանալու գործի քննության շրջանակում։ «ՄԱՊ»-ը գինի, կոնյակ, ալկոհոլային խմիչքներ արտադրող ձեռնարկություն է, ընկերության սեփականատերը նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն է։
Գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերմաննպատակով պետական ծրագրի շրջանակում պետությանը պատճառած գույքային վնասի համար։ Այս գործով բյուջե է վերականգնվել 111.5 միլիոն դրամ։ Թե ովքեր են գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձինք՝ ՀՔԾ-ից չեն մանրամասնել։