ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ առնվազն մինչև այս պահը արժանապատվորեն դիմակայել են համաճարակին:
«2020 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարված՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Արտակարգ դրության ժամկետը լրանում էր ապրիլի 14-ին, բայց մենք ստիպված եղանք ևս մեկ ամսով երկարացնել այն, որովհետև, ցավոք, ճգնաժամը հաղթահարված չէ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
Նա ներկայացրեց համավարակի ցուցանիշները աշխարհում և Հայաստանում:
«Այս պահի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 միլիոն 181 հազար 508 դեպք: Կորոնավիրուսից մահացել է 147 հազար 337 մարդ, առողջացել է 552 հազար 264 մարդ:
Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը հետևյալն է. ունեցել ենք 1201 հաստատված դեպք, 402 առողջացած, և, ցավոք սրտի, մահվան 19 դեպք: Կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների միջին տարիքը 73.8 է: Բոլոր մահացած պացիենտներն ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություններ և այսպես շարունակ:
Ապրիլի 17-ի դրությամբ մեր հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում է 780 հոգի, մեկուսացման մեջ է գտնվում շուրջ 1700 քաղաքացի, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար»,- ասաց նա:
«Ու չնայած այս տագնապալի թվերին, հարկ եմ համարում ընդգծել, որ մեր առողջապահական և պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումը այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսը այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել:
Սա համաճարակի կառավարման ամենակարևոր ցուցանիշներից է, որովհետև բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված և բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում:
Առնվազն մինչև այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին, և ես կրկին ուզում եմ շնորհակալության և գնահատանքի խոսքեր ասել մեր բժիշկներին, առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, ովքեր օրնիբուն կանգնած են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում՝ շաբաթներով կտրված և մեկուսացած լինելով իրենց ընտանիքներից»,- ասաց նա:
Նա նշեց, որ առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացված մեր քաղաքացիների համար: «Նրանք ապահովված են հյուրանոցային համարներով, սննդով և անհրաժեշտ բժշկական հսկողությամբ: Աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակը ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել սեփական քաղաքացիների հետ՝ օրհասական և ճգնաժամային պահերին»,- հայտարարեց վարչապետը: