Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ,- տեղեկացնում է Մայր Աթոռը:
Նույն օրը՝ ժամը 12։00-ին, կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին՝ համավարակի այս դժվարին պայմաններում, նվիրական այս օրը իրենց տներում աղոթակից լինել հոգևոր դասին և միաբան ու միասիրտ հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի առողջ ու անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար»,- նշված է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ։