«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանում ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Պատգամավորը նշեց, որ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել, և որոշակի կարգավորումներ են ներկայացվում շրջիկ առևտրի մասով։
«Նախագծով մենք կատարում ենք համապատասխան փոփոխություններ Հարկային օրենսգրքի մի քանի հոդվածում։ Մասնավորապես՝ 380-րդ հոդվածը, որը վերաբերում է Հաշվիչ դրամարկղային մեքենաների կիրառության ոլորտին, մենք էստեղ ավելացնում ենք նաև շրջիկ առևտրի կետերի հատվածը։ Այսինքն՝ ՀԴՄ մեքենաների կիրառությունը պարտադիր է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերի համար»,- նշեց Պապոյանը՝ հավելելով, որ գաղափարն առաջացել է բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։
Պատգամավորը նշեց, որ կարգավորման համաձայն՝ շրջիկ առևտրի կետում մանրածախ վաճառք իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ՀԴՄ կտրոնների վրա պետք է տպված լինեն նաև ապրանքի դիրք, ծառայության անվանում, կոդ, գնվող ապրանքի քանակ, չափման միավոր և այլն։ Պապոյանը նշեց, որ դա արվում է, որ հստակություն լինի, թե ինչ է վաճառվել այդ շրջիկ առևտրի կետից, նաև քանակն ու չափը։
Պատգամավորը հավելեց, որ խախտումներկի դեպքում տույժերը ևս կարգավորված են փոփոխությամբ։