«Քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու, և մենք ունենալու ենք դրանով վարակված քաղաքացիներ»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում:
Ըստ վարչապետի՝ ռազմավարական խնդիր է այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ և առողջապահական համակարգի համար տանելի: Մյուս կողմից, նրա խոսքով, մենք չենք կարող անվերջ փակված լինել և անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում:
«Հետևաբար՝ մեր ռազմավարական խնդիրն է՝ ապրել կորոնավիրուսին զուգահեռ, նրա հետ համատեղ, և արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու նպատակով: Ի՞նչ է սա նշանակում գործնականում:
Մենք փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում: Բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, ովքեր պետք է ապահովեն իրենց գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները:
Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան իրենց՝ ապագայում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար և կոչ եմ անում, խնդրում եմ կարանտինային առաջիկա ժամանակաշրջանը օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար:
Համաճարակային այս ժամանակաշրջանը առանձնահատուկ պատասխանատվություն է դնում մեզնից յուրաքանչյուրի վրա: Մեզնից յուրաքանչյուրը պետք է առավելագույնն անի նախ ինքը չվարակվելու, ապա և ուրիշներին չվարակելու համար:
Եվ ուզում եմ այդպիսի բանաձև առաջարկել, որի կիրառման պարագայում կկարողանանք երաշխավորել ինքներս մեզ և մեր հարազատներին: Ըստ այդմ՝ կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է ապահովել 3 պայման. առաջինը՝ իրար հետ շփվելիս պահպանել առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն: Երկրորդ՝ դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով. այս պարագայում նկատի է առնվում օճառով լվացված կամ սպիրտային հենքով ախտահանիչ միջոցներով ախտահանված ձեռքերը:
Հաջորդ պայմանը միայն մաքուր սպասքից ու ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվելն է:
Այս պայմանների ապահովման դեպքում գրեթե երաշխավորված կլինենք կորոնավիրուսով վարակվելուց: Ահա, փաստորեն, երեք կանոն, որոնք կլուծեն խնդիրը, բայց այդ կանոնները պահպանելու համար մեզնից առանձնահատուկ և հավաքական ջանքեր են պահանջվում: Ես նկատի ունեմ ինչպես մեր ու մեր ընտանիքների, այնպես էլ հանրային սննդի ոլորտի և գեղեցկության սրահների ոլորտում աշխատող տնտեսվարողների ջանքերը:
Կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է վարքագծի նոր կանոններ և նույնիսկ նոր ռեֆլեքսներ: Ի վերջո, մեր վարքագծի բազմաթիվ կանոններ, բազմաթիվ ռեֆլեքսներ ձևավորվել են ժամանակի ընթացքում, տարբեր գործոնների ազդեցության ներքո, և թերևս հիմա ապրում ենք այդպիսի ժամանակներ, երբ իրավիճակը անխուսափելիորեն փոփոխություններ է մտցնելու մեր սովորույթների, շփման ձևերի, առօրյա շարժուձևերի մեջ»,- ասաց վարչապետ Փաշինյանը: