ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում խորհրդարանը հավանություն տվեց քվեարկության դրված բոլոր նախագծերին։
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած՝ «Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցին կողմ քվեարկեց 99 պատգամավոր։
Իմքայլական պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի ներկայացրած՝ «Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» հարցն առաջին ընթերցմամբ ընդունվեց 103 կողմ ձայներով։
Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած «Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 103 կողմ ձայներով։
Կառավարության ներկայացրած «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 103 կողմ ձայներով։
Կառավարության ներկայացրած «Ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նույնպես միաձայն՝ 105 կողմ ձայնով։
Կառավարության ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցին խորհրդարանը տվեց իր համաձայնությունը։ Նախագիծն ընդունվեց 105 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։