Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի փոխնախագահ, «Այլընտրանք Գերմանիայի Համար» խմբակցության անդամ Անդրեաս Գալաուն շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
«Ձերդ գերազանցություն:
Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում Ձեր ակնառու հաղթանակի կապակցությամբ:
Ձեր հաջողությունը վկայում է երկրի համար խաղաղության և բարեկեցության ուղղությամբ հետագա քայլերում Արցախի բնակչության մեծ օժանդակության մասին:
Դուք ստանձնում եք Ձեր պաշտոնը մի ժամանակահատվածում, որը ոչ միայն իր արտահայտումն է ստացել Ձեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական պայմաններում, այլ նաև, ներկայիս համաշխարհային իրավիճակից դրդված, Արցախի Հանրապետությանը նոր, դժվար մարտահրավերների առջև է կանգնեցրել: Առավել կարևոր է լինելու Հանրապետության ապագայի համար ընդհանուր պայքարում միավորել արցախցիներին:
Կասկած չկա, որ Դուք, նաև Արցախի Հանրապետության վարչապետի Ձեր բազմամյա փորձի շնորհիվ, այս առաջադրանքը կատարելու եք հմտությամբ, համբերատարությամբ և պատասխանատվության մեծ զգացումով:
2015 թվականից ի վեր Ձեր և մեր՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության ներկայացուցիչների միջև ինչպես խորհրդարանական, այնպես էլ անձնական մակարդակով տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների արդյունքում մեծ բարեկամություն է զարգացել:
Հայաստան և Արցախ կատարած այցելությունների շնորհիվ ես բավականին տեղեկացա Ձեր տարածաշրջանում առկա հակամարտությունների մասին, մյուս կողմից հաղորդակից եղա հայ ժողովրդի ջերմությանն ու հյուրընկալությանը: Որպես մի ժողովրդի անդամ, որը տարիներ շարունակ բաժանված էր օտար ուժերի կողմից, ես խորապես զգում եմ հայ ժողովրդի միասնության կարոտը:
Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության ներուժն առավել զարգացնելու համատեղ ջանքերով մենք ծառայելու ենք մեր երկրների և ժողովուրդների շահերին»: