ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Կաթողիկոսի՝ ՀՀ երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը, նշեց, որ խոսքի ազատությունը վերաբերում է բոլորին, և մարդիկ կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը:
«Թե՛ հոգևոր ծառայողները, թե՛ աշխարհիկ մարդիկ ունեն խոսքի, կարծիք արտահայտելու իրավունք: Բնականաբար, Վեհափառ Հայրապետը կարող է այդ իրավունքից օգտվել։ Կարծիք է ասել: Կարծիքը հարգողն ո՞վ է. դատարանը և գլխավոր դատախազությունը: Կհարգեն՝ կհարգեն, չեն հարգի՝ չեն հարգի, բայց պետք չէ դրանից սարքել Հայոց հարց։ Ես ֆեյսբուքյան գրառումներ, արդեն յութուբյան կեղծ ալիքներում տեսանյութեր եմ տեսնում Վեհափառի, Եկեղեցու դեմ: Դա ես խիստ դատապարտում եմ: Վերջապես, մենք մեր արժեքների, մեր երկուհազարամյա եկեղեցու դեմ ենք գնում»,- նշեց Մարուքյանը:
Մարուքյանը նշեց, որ ինքը չի կիսում Վեհափառի կարծիքը, բայց դրա մասին պետք է հարգալից արտահայտվի։ Պատգամավորն ասաց, որ Կաթողիկոսին կարող են սիրել կամ չսիրել, հարգել կամ չհարգել, բայց նա օծված է և Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, և վիրավորանք է նրան ավազանի անունով կոչելը։
«Ես ինքս Վեհափառի կարծիքը չեմ կիսում, բայց եթե դրա մասին արտահայտվեմ, պետք է արտահայտվեմ հարգալից, որովհետև ամեն ինչ իր ձևը, կարգուկանոնն ունի: Խոսքը Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին է: Մեր պատմության մեջ եկեղեցու դեմ այնքան ուժեր են դուրս եկել, որոնք բոլորն էլ փոշի են դարձել, վերացել, գնացել են: Եկեղեցու դեմ կարելի՞ է նման ձևով դուրս գալ: Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա Եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ: Այո, կոնկրետ արշավ է՝ ոչ միայն ֆեյքերի, նաև քաղաքական առումով: Որովհետև Վեհափառին ավազանի անունով կոչելը վիրավորանք է, նման բան չի կարելի անել: Իրեն կարող են սիրել կամ չսիրել, հարգել կամ չհարգել, բայց նա օծված է և Ամենայն Հայոց Կաթողիկոսն է», - ասաց Էդմոն Մարուքյանը: