Թուրքիայի Բաթման նահանգի նահագապետ Հուլուսի Շահինը ներկայացրել է նահագում տիրող իրավիճակը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածմամբ։
Շահինն ահազանգել է, որ հատկապես կանայք չեն հետևում համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։ Սովորության համաձայն՝ նրանք շարունակում են կազմակերպել ոսկե օրեր (սա մի միջոցառում է, որի ժամանակ կանայք բազմատեսակ քաղցրավենիքներ, խմորեղեններ և աղանդեր են պատրաստում և հավաքվում մեկի տանը, պճնվում, զվարճանում, պարում, միմյանց հետ զրուցում)։
Ըստ նահանգապետի՝ շատ մարդիկ չեն գիտակցում լրջությունը և շարունակում են հավատալ, որ այս հիվանդությունը իրենց չի կպչի: Հուլուսի Շահինն ընդգծել է, որ այս անտարբերության հետևանքով արդեն հիվանդների քանակը նահանգում եռապատկվել է, անհրաժեշտ է մարդկանց գիտակցությունը փոխել։
Բաթման նահանգը գտնվում է Թուրքիայի հարավարևելյան հատվածում և ներառում է նաև Սասուն բնակավայրը: