ՔՏՀԱ տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան ծրագրով 1-ին եռամսյակի ընթացքում արտադրական նշանակության օբյեկտներում, բենզալցակայաններում, գազալցավորման կայաններում, առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում, պայթուցիկ նյութերի, նավթամթերքի, հեղուկ և բնական գազերի պահեստներում իրականացվել են 125 ստուգում։ Եվս 2 ստուգում կատարվել է Վարչապետի հանձնարարականի և 2 ստուգում՝ հանրությունից ստացված դիմում-բողոքների հիման վրա։
Ստուգումների ընթացքում առևտրի և հասարակական սննդի 17 օբյեկտներում բացահայտվել է 70 խախտում։
Հիմնական խախտումներն են.
հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանի լիազոր մարմնին փոխանցման բացակայությունը– 12 հատ,
հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերի բացակայությունը – 9 հատ,
15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի դռների դեպի ներս բացվելը – 9 հատ։
Ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել են պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 17 կարգադրագիր։
Ստուգումների ընթացքում 39 արտադրական կազմակերպություններում արձանագրվել է 226 խախտում։
Ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է խախտումների բացակայության վերաբերյալ 1 տեղեկանք և պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 39 կարգադրագիր:
Նշված ժամանակահատվածում ստուգվել է 26 բենզալիցքավորման կայան, արձանագրվել է 47 խախտում։ 4 բենզալցակայանների ղեկավարներին տրվել են տեղեկանքներ՝ թերությունների բացակայության վերաբերյալ։
Ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել են պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 24 կարգադրագիր:
Հիմնական խախտումներն են.
հեղուկ վառելիքի ստորգետնյա տարողություններով բենզալցակայանից մինչև այլ շենքերի և շինությունների միջև պահանջվող միջտարածությունները պահպանված չեն – 12 հատ
արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ տարողություններից 40 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100 խմ տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով – 10 հատ
բենզալցակայանի տարածքն ապահովված չէ շանթարգելման համակարգով- 9 հատ։
Նշված ժամանակահատվածում ստուգվել է 43 գազալիցքավորման կայան: Ստուգումների ընթացքում արձանագրվել է 250 խախտում։
Ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել են պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 42 կարգադրագիր:
Հիմնական խախտումներն են.
կայանի տարածքում իրեն պատկանող շինությունների միջև նորմերով պահանջվող նվազագույն միջտարածությունները պահպանված չեն – 23 հատ
արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ տարողություններից 40 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100 խմ տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով - 23 հատ
գազալցակայանի տարածքում տեղակայված շինությունները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով – 19 հատ:
Պահեստներում իրականացված ստուգումների ընթացքում բացահայտվել է 33 խախտում:
Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով` յուրաքանչյուր ստուգման ընթացքում տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել է խորհրդատվություն:
Տեսչական մարմնի կողմից հաշվառվել և վերլուծվել է ՀՀ-ում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում արձանագրված 1569 հրդեհի դեպք, 168 հրդեհների վերաբերյալ կազմվել են ակտեր:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 34 հրդեհատեխնիկական հետազոտություն տարբեր բնույթի օբյեկտներում։ Բացահայտված հիմնական խախտումները վերաբերում են հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերին, էլեկտրական հաղորդալարերի մոնտաժման կանոններին, տարհանման ելքերի քանակին ու դռների բացման ուղղությանը։
Տեսչական մարմնի կողմից ուսումնասիրվել և տրամադրվել է 108 եզրակացություն նախագծային փաստաթղթերի հակահրդեհային պահանջների համապատասխանելիության վերաբերյալ:
Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 114 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին, որից 51-ը Երևանում:
Ստացված 48 դիմում-բողոք, որոնցից հիմնավոր են եղել 40-ը, 6 գործ ընթացի մեջ է: Քաղաքացիներից ստացված 2 բողոքի հիման վրա, որից մեկը ստացվել է թեժ գծով, իրականացվել են ստուգումներ:
Հաշվետու ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 83 արձանագրություն:
Տեխնիկական անվտանգության ոլորտում կայացվել է 19 որոշում՝ 3-ը կարճման, 1-ը կասեցման և 15-ը վարչական տույժ նշանակելու մասին։
Տեխնիկական անվտանգության բնագավառում կայացված 2 վարչական ակտ բողոքարկվել է վերադասության կարգով, իսկ 4-ը՝ դատական:
Նշանակվել է ընդհանուր առմամբ 20.745.000 դրամի չափով վարչական տուգանք (որից 17.115.000 դրամը տեխնիկական անվտանգության բնագավառում, իսկ 3.363.000-ը՝ հրդեհային):
Տեխնիկական և հրդեհային անվտանգության հարցերով տրամադրվել է խորհրդատվություն 411 տնտեսվարողների և քաղաքացիների: Ի դեպ, զգալի մասը (70 %-ից ավելի) կատարվել է հենց տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների նախաձեռնությամբ: Միաժամանակ խորհրդատվական և իրազեկող բնույթի աշխատանքներ են իրականացվել զանգվածային լրատվության միջոցներով: