Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում:
Վերջիններիս մոտ կորոնավիրուսի վարակին բնորոշ ախտանիշներ այս պահին չկան: Մեկուսացված քաղաքացիների հետ շփման նախնական շրջանակն արդեն հայտնի է: Նրանք ինքնամեկուսացել են և գտնվում է համապատասխան մասնագետների և ոստիկանության վերահսկողության տակ:
Նշենք, որ վերոնշյալ բուժաշխատողն աշխատում է Հանրապետական բժշկական կենտրոնում և աշխատանքի բերումով օրեր առաջ առնչվել էր Քարվաճառից նոր կորոնավիրուսային վարակով մեկուսացված քաղաքացու հետ:
Նախօրեին հետազոտության համար ՀՀ ուղարկված 11 փորձանմուշների հետազոտության արդյունքներն ամբողջությամբ ստացվել են և կորոնավիրուսի վարակը հաստատվել է միայն մեկ քաղաքացու մոտ (բուժաշխատող): Մյուս 10 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Բուժհաստատություններում և մեկուսացման համար նախատեսված այլ օբյեկտներում մեկուսացվածների թիվն այս պահի դրությամբ 21 է:
Հիշեցնենք, որ Արցախում այս պահի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսի 7 դեպք, որից երկուսը բուժվել և այսօր դուրս են գրվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորումից: