«Ի տարբերություն նախորդ տարվա՝ մենք ունենք անգամ արտակարգ դեպքերի թվի աճ: 190 արտակարգ դեպքով ավելի՝ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ: 2020 թվականի առաջին եռամսյակում արդեն կա 3621 արտակարգ դեպք»,- այս մասին տեղեկացրեց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ հիմա հրդեհային սեզոն է, և հորդորեց քաղաքացիներին՝ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Անդրադառնալով այս շրջանում նաև կորոնավիրուսի դեմ պայքարում տարվող աշխատանքներին՝ Հարությունյանը նշեց, որ ակտիվ աշխատում են տարբեր կառույցների հետ, այդ թվում՝ միջազգային:
«Հարկ եմ համարում նշել, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ օրերս մարզային համայնքների տարեց՝ խնամող չունեցող և խնդիր ունեցող բնակիչներին ծանրոցներ են բաժանվել: Ծանրոցներում եղել են առաջին անհրաժեշտության սնունդ և անհատական պաշտպանիչ միջոցներ»,- ասաց նախարարի տեղակալը:
Հարությունյանը անդրադարձավ նաև Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական վերազինմանը, նշեց, որ դա անընդհատ կատարվում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությամբ:
«Հաշվետու ժամանակահատվածում միջազգային կառույցների հետ, USAID կազմակերպության հետ համագործակցության արդյունքում ԱԻՆ-ը ստացել է նոր 300 համակարգիչ՝ աշխատանքների օպերատիվությունն ապահովելու համար: Ստացել ենք նաև 175 վարակազերծման սարք»,- ասաց Արմեն Հարությունյանը:
Նախարարի տեղակալը նշեց նաև, որ աշխատակիցների բուժզննման գործընթացն իրենց ուշադրության կենտրոնում է: Այն աշխատակիցները, որոնց աշխատանքը հնարավոր չէ կազմակերպել հեռավար, չեն գտնվում ռիսկային գոտում և գալիս են աշխատանքի, օրական երեք անգամ անցնում են բուժզննում: Ընդգծեց նաև, որ ԱԻՆ նախարարի հանձնարարությամբ այն աշխատակցիները, որոնք հատկապես կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերել են նախաձեռնողականություն, կատարել են իրենց գործառույթներից ավելի, պարգևատրվում են: Տեղեկացրեց՝ արդեն կան պարգևատրվածներ: