Հայաստանի ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 88 տարեկան:
Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932 թ. ապրիլի 17-ին Երևանում: 1954 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: 1954-58 թթ. աշխատել է Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում կոնստրուկտորական խմբի ղեկավար: 1958 թ. ընտրվել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կուսակցական կոմիտեի քարտուղար: 1959-61 թթ. սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում:1962-ից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն: 1966 թ. ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, 1971 թ.` 2-րդ քարտուղար, 1972 թ.` ՀԿԿ ԿԿ քարտուղար:
1974 թ. նոյեմբերից մինչև 1988 թ. մայիս եղել է ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար՝ ղեկավարելով Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը: 1991-99 թթ. եղել է «Հայէլեկտրամեքենա» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն: 1998 թ. առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: 1999 թ. Վազգեն Սարգսյանի հետ կազմել է «Միասնություն» դաշինքը, որը խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցրեց՝ ստանալով 41.69 տոկոս քվե:
1999 թ. մայիսի ԱԺ ընտրությամբ ձևավորված նոր խորհրդարանում Դեմիրճյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ: 1998-ին Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը: Կարեն Դեմիրճյանը սպանվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում ահաբեկչության ժամանակ: Դեմիրճյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ հետմահու նրան շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում:
-
Կարեն Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) շահագործման են հանձնվել «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, Մարզահամերգային համալիրը (1999-ից՝ Կարեն Դեմիրճյանի անվան), կառուցվել են Արփա-Սևան թունելը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, Մասիս-Նուռնուս և Հրազդան-Իջևան երկթուղային մայրուղիները, գրապալատը և այլն:
-
1975թ. ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Կարեն Դեմիրճյանը դատապարտել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:
-
Կարեն Դեմիրճյանի ջանքերով 1978թ. ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը:
-
1980թ. կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը:
-
1985թ. ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս հռչակվեց: Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից Կ.Ս. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները: ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (Նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը, մայիս 1988թ.: