Նախագահ Դոնալդ Թրամփը նահանգների ղեկավարներին հանձնարարել է առաջիկա ամիսներին աշխատեցնել տնտեսությունը՝ չնայած ԱՄՆ-ում վիրուսի տարածման բարձր ցուցանիշներին: Ռազմավարությունը, որը կոչվում է «Վերաբացում ենք Ամերիկան» և բաղկացած է երեք փուլից, ներկայացնում է կարանտինային միջոցառումների աստիճանական թուլացումը:
Թրամփը նշել է, որ որոշ նահանգները կկարողանան ապրիլին սկսել այդ միջոցառումները, որոնք իրականացվելու են նահանգապետների հայեցողությամբ ու որոշմամբ:
Համաճարակից առավել տուժած Նյու Յորք նահանգի ղեկավար Էնդրյու Կուոմոն հինգշաբթի հայտարարել է, որ բնակիչների ինքնամեկուսացումը կշարունակվի մինչև մայիսի 15-ը: Հարևան նահանգների ղեկավարները պատրաստ են համակարգված թուլացնել կարանտինային միջոցառումները:
Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում վարակակիրների թիվը հասել է 678 210-ի, մահացել է 34 641 հիվանդ, ապաքինվել 57 844-ը: