«Կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ-ի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 1107 ահազանգ: Դրանցից 609-ը՝ կորոնավիրուսի վարակի վերաբերյալ, 498-ը՝ քաղաքացիների բարձր ջերմության վերաբերյալ: Հոգեբանական աջակցություն մինչև այս պահը ցուցաբերվել է 411 քաղաքացու»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանափակման ու ինքնամեկուսացման ժամանակ ԱԻՆ-ի հոգեբանական ծառայությունն անցել է հեռավար ծառայության: Տեղեկացրեց, որ հոգեբանական աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են զանգահարել 911 և անգամ տեսակապի միջոցով ստանալ հոգեբանական աջակցություն:
«Շտապօգնության ֆելշիրական բրիգադները կատարել են 32 երթ: Հաշվետու ժամանակահատվածում տեղափոխվել է 101 կոնտակտավոր և 7 հիվանդ: ԱԻՆ-ի տրանսպորտային միջոցներով նշված ժամանակահատվածում տեղափոխվել է 855 կոնտակտավոր, որից 28-ը տեղափոխվել է երեկ՝ Նորաշեն համայնքից»,- ասաց նախարարի տեղակալը:
Հարությունյանը նշեց, որ ԱԻՆ-ի փրկարար ծառայության 130 փրկարար այս պահին համատեղ շրջիկ ծառայություն են իրականացնում ոստիկանության հետ: Յուրաքանչյուր մարզից 10-ական ծառայող, իսկ Երևանում և Սյունիքի մարզում՝ 20-ական փրկարար: ԱԻՆ-ի 25 ծառայակից գործուղվել են Կառավարության թեժ գծի տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին մասնակցելու համար, իսկ ԱԻՆ-ի փրկարար ծառայության բուժվարչության 14 ծառայողներ՝ առողջապահության նախարարության թեժ գծի աշխատանքներին մասնակցելու:
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը հայտնեց, որ ամբողջ հանրապետությունում ԱԻՆ-ը իրականացնում է վարակազերծման աշխատանքներ՝ հանրային տարածքներում, բացառությամբ կանգառների, քանի որ երթուղային տրանսպորտի սահմանափակում կա: Մինչ այս պահը կատարվել է 7376 վարակազերծման աշխատանք: Նշեց, որ վարակվածներ կան նաև իրենց համակարգում։
«Մեր համակարգում վարակի տարածման վտանգները էլ ավելի մեծ են, քանի որ մենք ունենք զորքի վերաբաշխման խնդիր: Այս պահին մենք արդեն պլանավորում ենք աշխատանքը, թե ինչպես պետք է վերաբաշխել ուժերը վարակի տարածման և նաև այլ արտակարգ դեպքերի քանակի մեծացմանը զուգահեռ»,- ընդգծեց Հարությունյանը: