Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժինը վերլուծել է մարտի 19-ից ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ մանրածախ առևտրի ոլորտում իրացվող մի շարք ապրանքների գների դինամիկան՝ տեղեկացնում են Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից:
ՀՀ-ից ԱՀ ներմուծվող 6 ապրանքատեսակների գների դինամիկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գների փոփոխությունները տեղի են ունեցել համահունչ, և գրաֆիկներում արտացոլված պատկերները ունեն նույնական դինամիկա:
ՀՀ և ԱՀ իրացման միջին գների տարբերությունը պայմանավորված է նաև նրանով, որ համեմատվել են ՀՀ-ում գործող 4 խոշոր առևտրային ցանցերի իրացման միջին գները և Արցախում գործող 20 փոքր և միջին առևտրային օբյեկտների միջին գները:
Ուսումնասիրված ժամանակահատվածում հնդկաձավարի միջին գինը ԱՀ-ում եղել է ավելի ցածր, քանի որ որոշ առևտրային օբյեկտների կողմից հնդկաձավարի նոր խմբաքանակ չի ներմուծվել, և իրացումը շարունակվել է հին գնով: