Սերժ Սարգսյանն ասում է՝ այո, ճիշտ է, ճիշտ էր հանձնաժողովի նիստին մասնակցելը, և լավ կլինի, որ նրանք, ովքեր մերժում են, գան և նույնպես պատասխանեն հարցերին: Այդ մասին հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանն ընդունել է, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալը էր, նրանք զրույց են ունեցել և նա նույնպես, ըստ Քոչարյանի, կարծում է, որ ճիշտ կլիներ գալ և պատասխանել հարցերին:
Ա.Քոչարյանն ասաց, որ Ս. Սարգսյանին ուղղված հարցերը շատ էին, պատասխաններն ամբողջական կլինեն, եթե հանձնաժողովը լսի նաև մյուս նախկին պաշտոնյաներին:
«Ինքն իր մասով պատասխանել է բոլոր հարցերին, բայց բաներ կան, որ ինքը կամ չի հիշում, կամ իրեն չեն զեկուցել»,- ասաց Ա.Քոչարյանը՝ նշելով, որ Սարգսյանից հետաքրքրվել են, թե արդյոք հակառակորդը լուծել է իր առջև դրված խնդիրը, հետախուզության տվյալները արտացոլում են իրականությունը և այլն:
Ա.Քոչարյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ թերացումներ ունեցել է: «Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը որոշակի նոր բացահայտումների հանգեցրեց, նա բավականին պատրաստված էր եկել, ներածական խոսք ասեց, որը կկցվի զեկույցին: Նա ասաց, որ մինչև 2050 թվականը այս տեղեկությունները չի հանրայնացնի, քանի որ դրա իրավունքը չունի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հանդիպման ձայնագրությունը Սերժ Սարգսյանին կտրամադրվի մի քանի օրից:
Հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության պատրաստակամություն են հայտնել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի այլ պաշտոնյաներ: «Լիահույս եմ, որ դրանից հետո Խաչատուրովը կվերանայի իր որոշումը, իհարկե, մենք նրան այլևս հրավեր չենք ուղարկելու»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև աշխատանքների ավարտը՝ հունիսի 4-ը, հանձնաժողովը կլսի ևս 4-5 անձի, որից հետո կկազմի զեկույց: