Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը Չինաստանին մեղադրել է կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու համար: Էսփերը նշել է, որ Չինաստանը կարևոր տեղեկություններ է թաքցրել ինչպես համաճարակի սկզբնական փուլերում, այնպես էլ՝ հիմա: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
«Չինաստանը կարող էր ավելի անկեղծ լինել և ավելի շատ տեղեկություններ տրամադրել, որպեսզի մենք կարողանայինք ամբողջական պատկերացում կազմել վարակի բնույթի մասին՝ փորձելով հաղթահարել այն»,- նշել է Էսփերը:
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ այսօր էլ Չինական կողմը թաքցնում է տեղեկությունները: Էսփերն ընդգծել է, որ անհրաժեշտ է «նրանց նկատմամբ ճնշում գործադրել», որպեսզի Պեկինն ավելի շատ տեղեկություն տրամադրի Covid-19-ի մասին:
Հավելենք, որ վերջին տվյալների համաձայն ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 640 000-ը: Չինաստանում համաճարակն աստիճանաբար նահանջ է ապրում: Վարակված շուրջ 82 000 հիվանդներից ապաքինման փուլում է 1137-ը, մյուսներն առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցներից: