Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։
Վարչապետ Փաշինյանին նախ զեկուցվել է հաստատված 13 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացիկ արդյունքները։ Նրա խոսքով՝ 1-ին միջոցառման մասով հաստատված վարկերի քանակը կազմում է 224, ծավալը՝ 10 մլրդ 226 մլն դրամ: 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է 1035 վարկային հայտ, որից գյուղատնտեսության ոլորտին տրամադրված միկրովարկերի քանակը կազմում է 856։ Հաստատված վարկային գումարի ծավալը 2 մլրդ 830 մլն դրամ է։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 3-րդ միջոցառման կատարման ընթացքին. հաստատվել է 167 վարկային հայտ՝ 1,6 մլրդ դրամ ծավալով։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցել է, որ 5-րդ միջոցառման շրջանակում արդեն կատարվել է 7639 շահառուի վճարում՝ 1 մլրդ 227,4 մլն դրամ ծավալով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ 4-րդ, 6-րդ և 7-րդ ծրագրերը հաջողությամբ ընթացքի մեջ են, և շահառուներին նախատեսված աջակցության մեծ մասը փոխանցվել է: 8-րդ միջոցառման շրջանակում արդեն իսկ վճարվել է 55 հազար 800 շահառուի, դիմումների ստացումը շարունակվում է։
9-րդ միջոցառումը ևս իրականացման փուլում է, ընթացքի մեջ է դիմումների ստացման գործընթացը, կատարվում են շահառուների նույնականացում և ցանկերի համադրում։ Նշված աշխատանքների ավարտից հետո գումարները սեղմ ժամկետում կփոխանցվեն շահառուներին։
Զեկուցվել է նաև 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ միջոցառումների կատարման մասին։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև պետություն-մասնավոր գործընկերության ներքո տարբեր ոլորտներում ենթակառուցվածքային ներդրումային ծրագրերի հեռանկարները, որոնք ուղղված կլինեն տնտեսական աճի ապահովմանը։