Կառավարության այսօրվա նիստում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց նոր նախագիծ, որով առաջարկում է վերաբաշխում կատարել բյուջեում։
Արշակյանը հիշեցրեց, որ նախարարությունը հայտարարել էր թոքերի արհեստական շնչառական սարքավորումների նախագծման, իրականացման ամբողջական կամ մասնակի արտադրության մրցույթ: Նրա խոսքով՝ ստացվել է 300 հայտ։ Արշակյանը հայտնեց, որ դրանք ուսումնասիրել են, և առաջարկ կա սկսելու արտադրություն։
«Առաջարկում ենք Ինժեներական ասոցիացիային տրամադրել 90 միլիոն դրամ դրամաշնորհ՝ կազմակերպելու թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման մակետային նախատիպի մշակման, փորձարկման, համակարգի նախագծի շտկման 5 օրինակ ինժեներական նշումի մշակման աշխատանքները՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը»,- նշեց Արշակյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի բավարարելու թոքերի արհեստական շնչառության սարքերի պահանջը, աջակցելու առողջապահության համակարգին՝ կորոնավիրուսի տարածման արդյունքում ինտենսիվ բուժան փուլում թոքաբոբով հիվանդ քաղաքացիների բուժման նպատակով։
«4-6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի և ունենալ արդեն իսկ աշխատող սարքավորում։ Նաև շուկայական գնից շուրջ երկու անգամ պակաս գնով արտադրելու հնարավորություն կունենանք։ Նաև հնարավորություն կունենանք ամսական շուրջ 40-50 արտադրանք տալու։ Աշխարհում նաև 800 հազարից ավելի այդպիսի ապարատի պահանջ կա։ Սա հնարավորություն է, որ մեր ինժեներական ընկերությունները կարողանան մուտք գործել բժշկական սարքերի արտադրության շուկա»,- նշեց նախարարը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ շատ է կարևորում ու ողջունում նախագիծը։